Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«ԱՊԱԳԱՆ ԱՅԴՔԱՆ ՉԻ ՀՈՒՍԱՀԱՏԵՑՆՈՒՄ, ՔԱՆԻ ՈՐ ԳԵՂԵՑԻԿԸ ՊԱՇՏՈՂ ՍԵՐՈՒՆԴ ԿԱ»

«ԱՊԱԳԱՆ ԱՅԴՔԱՆ ՉԻ ՀՈՒՍԱՀԱՏԵՑՆՈՒՄ, ՔԱՆԻ ՈՐ ԳԵՂԵՑԻԿԸ ՊԱՇՏՈՂ ՍԵՐՈՒՆԴ ԿԱ»
10.09.2010 | 00:00

«Արարել, ստեղծել… Սա է մարդ արարածի առաքելությունը Երկիր մոլորակի վրա: Յուրաքանչյուր բանական մարդու մեջ գոյություն ունի աստվածային արարչագործության կայծ: Պետք է միայն ճիշտ ժամանակին օգտագործել այն, որ ի վերուստ տրված կայծից բոց բռնկի, և ծնվի հոգու մի ճիչ` «Հոգու սիմֆոնիա»: Այս խոսքերով սկսվեց Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան գեղարվեստի դպրոցում անցկացվող «Հոգու սիմֆոնիա» խորագիրը կրող երաժշտական փառատոնը: Սա «Հանուն հայոց հարատևման» շարժման Արարատի մասնաճյուղի կազմակերպած հերթական միջոցառումն էր: Երեկոն վարում էր Արաքսյա Նիկողոսյանը: Փառատոնի ամենակրտսեր մասնակիցը 6 տարեկան էր: Ծրագրում ընդգրկված էին և՛ պրոֆեսիոնալ, և՛ ինքնուս ստեղծագործողները, շատերը ներկայանում էին հեղինակային երգերով: Հնչում էին նաև երիտասարդ ստեղծագործողների բանաստեղծություններ: Երեխաներն իսկապես ասելիք ունեին: «Վերջին զանգ», «Դեղձենի», «Իմ պարտեզ», «Հաղթանակ»… Իզուր են մեր «աստղերը» զարմանում, երբ նրանց հարցնում են` ինչո՞ւ են երգում միայն սիրո մասին: Միջոցառմանը հանդես եկան նաև երաժշտական խմբեր: «Կարո, Գագո, Արո» խումբը ներկայանում էր «Ողջ աշխարհը մեր ոտքի տակ է» երգով: «Ֆավորիտ» խումբը նախկինում կոչվել է «New Generation of favorit», բաղկացած է չորս հոգուց, ներկայանում էին հեղինակային «Last hote» երգով: Խումբը սեպտեմբերի 30-ին «Կոնգրես» հյուրանոցի հյուրն է, մինչև փետրվար կթողարկի իր ձայնասկավառակը: Խմբի անդամներից է 15-ամյա Արա Բալայանը: Նա համոզված է, որ այս միջոցառումը շատ բան կփոխի մարդկանց կյանքում, հնարավորություն կտա հաղորդակցվելու, ճանաչելի դարձնելու իրենց արվեստը: Արան երգում է, նվագում բաս կիթառ, դաշնամուր, հարվածային գործիքներ, մասնակցել է «Եվրատեսիլ» մանկական մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին` կատարելով «Հրաշքների աշխարհամաս» երգը, որը և ներկայացրեց հանդիսատեսին: Դաշնակահար, կոմպոզիտոր Գնել Այվազյանը 22 տարեկան է, ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը: Ստեղծագործում է վաղ տարիքից, ուսումը շարունակելու է Գերմանիայում: ՈՒզում է, որ նման միջոցառումները շատ լինեն: Տաղանդներ շա՞տ կան Արարատում, հարցնում եմ: Ընդհանրապես հայ ազգը տաղանդավոր ազգ է, ասում է Գնելը: Նա համոզված է, որ ռաբիսի, անճաշակ երաժշտության սիրահարները պակասել են: Չառանձնացնելով ոչ մեկի կատարումը, այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ ընկերները Գնելին դիմավորեցին հոտնկայս, ջերմ ծափողջույններով: Դահլիճը նրանից խնդրեց ևս մի քանի կատարում: Օրը երաժշտական էր, աշխույժ ու բազմաբնույթ: Փառատոնին ներկա էին Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը, «Դինամոյի» նախագահ Սուրիկ Ադամյանը, «Հանուն հայոց հարատևման» շարժման մի շարք ներկայացուցիչներ, Ղազարոս Սարյանի անվան դպրոցի տնօրենը, Արարատի գրողների միության նախագահ Հուսիկ Արան, բանաստեղծ Մանասեն և այլք: Ապագան այդքան չի հուսահատեցնում Մանասեին, քանի որ տեսնում է, որ գեղեցիկը պաշտող սերունդ կա: Նրա խոսքով` տվյալ դեպքում չի կարևորվում գեղեցիկի դրսևորման աստիճանը, կարևորը` իրենք արդեն այն ոլորտում չեն, որտեղ իշխում է նյութապաշտությունը, կա արվեստի, գեղեցիկի հետ շփվելու ձգտում: Տարբերվո՞ւմ են, արդյոք, Երևան քաղաքի և մարզերի երեխաները: Գյուղերում, օրինակ, ընդունված է ասել, որ մարդիկ ավելի մոտ են բնությանը, ավելի մաքուր են ու պոետիկ: «Ինչո՞ւ պիտի տարբերվեն, նույն գեղեցիկ հոգին է, մաքուր, անարատ զգացումները,- ասաց նա,- զգացումը գյուղական ու քաղաքային չի լինում: Չեմ կարծում, թե վերջին ժամանակներում բնապաշտական դրսևորումներ կան, գրեթե ուշադրություն էլ չի դարձվում: Անապատում ապրող մարդու մեջ մեծ բնություն կա, իսկ բնությամբ հարուստ երկրում` զգացումներով աղքատ մարդիկ»: Բանաստեղծը հիշեցրեց հայտնի դարձվածը` տաղանդները ծնվում են գյուղում, մեռնում` քաղաքում: Իսկ «Հանուն հայոց հարատևման» շարժման Արարատի մասնաճյուղի գրասենյակի պատասխանատու Ռաֆայել Զեյնալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախատեսվում են նորանոր միջոցառումներ, հոկտեմբերին, օրինակ, նշվելու է ուսուցիչների տոնը: «Հոգու սիմֆոնիան» նպատակ ունի հայտնաբերելու և ներկայանալու հնարավորություն ընձեռելու տաղանդավոր երեխաներին, այս հանդիպումով չի ավարտվում համագործակցությունը շնորհալի երիտասարդների հետ»,- ասաց նա, ընդգծելով, որ փառատոնին աջակցել են Արարատի քաղաքապետը, Սուրիկ Ադամյանը, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը: Մոտ ապագայում սպասվող հետաքրքիր անակնկալների մասին էլ գերադասեց վաղօրոք չխոսել:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2672

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ ե­րեքն էլ «թա­գա­վոր» են, իսկ գա­հը մեկն է
Երբ ե­րեքն էլ «թա­գա­վոր» են, իսկ գա­հը մեկն է